Wednesday, November 7, 2012

Դատախազության կեղծ տեղեկանքով պատգամավորը պահանջում է պատժել դատախազներին

Այսօր «Չորրորդ Ինքնիշխանությունում» «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼ» վերտառությամբ նյութի մեջ կարդում ենք. ««ՉԻ»-ն, ինչպես նաև հայաստանյան տարբեր լրատվամիջոցներ ԱԺ ընտրություններից հետո պարբերաբար անդրադարձել են այն փաստին, որ ներկայումս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից պատգամավոր է հռչակվել ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, որովհետև 2009 թ. Հուլիսից մինչև 2010 թ. Օգոստոսը սովորելու նպատակով մշտապես գտնվել է ԱՄՆ-ում, այսինքն՝ նա վերջին 5 տարում Հայաստանում մշտապես չի բնակվել, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար:

«ՉԻ»-ն այս պատգամավորի մասով հետաքննություն է իրականցնրել՝ համապատասխան հարցումներ ուղարկելով թե ԱՄՆ-ի համապատասխան կրթական հաստատությանը, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Մենք ստացված պատասխանները ներկայացրել ենք «Չի» ընթերցողներին, պարզապես հիշեցնենք, որ այդ պատասխաններով ևս հաստատվել է մեր այն տեղեկությունը, որ Մարուքյանը կոպտորեն ոտնահարել է ՀՀ Սահմանադրությունը, իսկ ավելի որոշակի՝ նրան «օգնել» են դա անել բավականին ազդեցիկ մարդիք:
«ՉԻ»-ն, ինչպես նաև այլ լրատվամիջոցներ առիթ ունեցել են գրելու, որ Մարուքյանին կեղծ տեղեկանք է տրամադրվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգով: Պատահական չէ, որ Հովսեփյանը, խախտելով օրենքը, հիմք չի ընդունում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները՝ որպես քրեական գործ հարուցելու հաղորդումը, և Մարուքյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությամբ չի դիմում Ազգային ժողով: Մենք նշել էինք, որ իշխանությունների հրահանգները հնազանդորեն կատարող Մարուքյանի քաղաքական տանիք է հանդիսանում ոչ միայն ՀՀ Գլխավոր դատախազը, այլև օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սույն պատգամավորը բավականին ջերմ հարաբերություններ ունի նաև հայ զինվորներին գոմեշի մսով կերակրած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ներկայում փախուստի մեջ գտնվող Փայտյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Գրիգորիչի հետ: Վանաձորից մեզ հասած լուրերի համաձայն՝ Մարուքյանի քարոզարաշավը ֆինանսավորել է հայ զինվորներին սատկած գոմեշի մսով կերակրած գեներալ Արշալույս Փայտյանը, որի տղան Մարուքյանի մտերիմ ընկերն է: Ինչպես հայտնի է, այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է «Բյուջե 2013»-ը: Հենց այդ քննարկումների ժամանակ է երևում խորհրդարանում, նոր հայտնված պատգամավորնեի որակը: Մարուքյանը, թերևս, ամենակտիվ նորելուկներից է, բայց նա ճիշտ կաներ լռեր, որոհետև ամեն անգամ, երբ նա փորձում է ինչոր մտքեր հայտնել, բոլորի դեմքին ժպիտ է առաջանում: Այդպես եղավ, օրինակ, երբ այս պատգամավորը լացակումած հարց բարձրացրեց, թե ինքը ինչպե՞ս պետք է ապրի 250 հազար ՀՀ դրամով: Մեկ այլ դրվագ. Մարուքյանը կեղծ տեղեկանքի հիման վրա պատագամավոր դառնալու սկանդալից հանրության ուշադրությունը շեղելու համար, սկսել է առանձնակի «ակտիվություն» ցուցաբերել իր պատգամավորական գործունեության մեջ, մասնավորապես, հուշարձանների նկատմամաբ: Նա հուշարձանների վիճակի հետ կապված գրավոր դիմել է ՀՀ վարչապետին և մեղադրել մշակույթի նախարարին՝ հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցում, չկարծեք, թե այս պատգամավորը հասցրել է խորանալ մեր երկրի բոլոր ոլորտների հիմնախնդիրների մեջ և դրանցից առաջնահերթ է համարել հենց հուշարձանների պահպանության խնդիրը: Պարզվում է՝ նա համակարգում լավ «ինֆորմատոր» ունի՝ ի դեմս իր հոր, ով աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող մի հիմնարկության Վանաձորի մասնաճյուղում: Ժողովրդախոսակցական տիրույթում այս կարգի մարդկանց, մեղմ ասած, կոչում են «անաղուհաց», ով սնվում է մի աղբյուրից ու ոչ միայն նրա մեջ է քար նետում, այլև փորձում է «կեղտ թափել» իր ընտանիքի կերակրողների վրա: Սա ինչոր դեպքում կարելի էր ծայրահեղ սկզբունքայնություն անվանել, եթե չիմանայինք, եթե չիմանայինք, թե՞ ում մասին է կոնկրետ խոսք գնում:
Ուրիշ հանգամանք. Բավական էր, որ Սերժ Սարգսյանը քննադատեր դատախազության համակարգը, և Մարուքյանը շտապեց իր գոհունակությունը հայտնել այդ քննադատության ուղղությամբ՝ հայտարարելով, որ չի ուզում բավավարվել միայն այդքանով, այլ ցանկանում է պատժված տեսնել կոնկրետ դատախազների: Մարուքյանը, թերևս մոռանում է, որ հենց դատախազության միջնորդությամբ է կեղծ տեղեկանք ստացել ու պատգամավոր դարձել ու հենց դատախազության բարի կամքով է մինչև հիմա ԱԺ-ում, այլ ոչ թե ուղղիչ աշխատանքային հիմնարկում:
Ի դեպ՝ Մարուքյանը բացառապես ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորների հետ՝ Գալուստ Գրիգորիչի գլխավորությամբ, հանդես է եկել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» բավականին հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ՝ թերևս փորձելով իշխանություններից ստանալ նրանց «սատարելու» իր բաժնեմասը»:

No comments:

Post a Comment