Friday, October 19, 2012

Լեւոն Զուրաբյանը կատարում է Բաղրամյան 26-ի պատվերը, ՀԱԿ-ը քանդելու ուղղությամբ


Այսօր մի ուշագրավ վերլուծություն կարդացի lragir.am-ում կապված Փաշինյան-Զուրաբյան քաշքշուկի, երկու ֆիգուրների հարաբերությունների և առհասարակ Կոնգրեսի ներկա քաղաքական վայրիվերումների մասին:
Գաղտնիք չէ, որ այսօր Կոնգրես-ԲՀԿ հնարավոր համագործակցության հարցը թերևս հիմնական թեման է, որի շուրջ ներկոնգրեսական կրքերը հատկապես ուժեղ են սկսել փոթորկվել: Կոնֆլիկտի առարկան պարզ է, իսկ կողմերի անունները հայտնի. Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ի հետ գործակցության «քաղաքագիտական» գծի ակտիվ կողմնակից է, իսկ Նիկոլ Փաշինյանը` հակառակը:

Լեւոն Զուրաբյանը ներկայում դարձել է Կոնգրես-ԲՀԿ գործակցության լոկոմոտիվն ու խորհրդանիշը Կոնգրեսում, եւ թերեւս միակը, քանի որ Կոնգրեսում առավելապես նա է արտահայտվում այդ գործակցության կոնտեքստում կամ ուղղակի արդարացնում այդ գիծը: Զուրաբյանը սերնդափոխությունից հետո Կոնգրեսի առաջնորդ դառնալու լուրջ հավակնություններ ունի և վստահ է, որ այդ ոչ պարզ գործում իրեն ռեալ օգնություն կարող է ցույց տալ հենց ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի դիրքորոշումը բացատրվում է նարնով, որ ցանկանում է, որ Կոնգրեսում իշխի «քաղաքագիտական», ոչ թե քաղաքական եւ քաղաքացիական գիծը: Եվ այդ իմաստով, Բարգավաճ Հայաստանը կարող է ռեսուրսային զգալի աջակցություն ցուցաբերել այդ գծի աջակից Լեւոն Զուրաբյանի համար` Կոնգրեսում թե քարոզչական, թե վարչական առավելություն ապահովելու համար: 
Փաստացի, «քաղաքագիտական» գիծն ընդամենը ԲՀԿ-ի համար ապահովեց Կոնգրեսի «ներքին գործերին» միջամտելու եւ կառույցում լուրջ բաժանարար գծեր ձեւավորելու հնարավորություն եւ լծակներ, ինչն ըստ էության կարելի է վերագրել Բաղրամյան 26-ին, եթե նկատի ունենանք, որ այնտեղ էլ պահանվում են ԲՀԿ-ին միջամտելու եւ դրա վրա ազդելու` առնվազն ծառուկյանական թեւի մասով, բավական զգալի լծակներ: 
Այսինքն, ԲՀԿ-ի հետ «քաղաքագիտական» դաշինքը փաստացի լուծում է ոչ թե երկրում, այլ ընդամենը Հայ ազգային կոնգրեսում իշխանության հարցը: Ընդ որում, լուծում է թե այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյան եւ Զուրաբյան Լեւոնների գիծն է լինում դոմինանտ, թե այն առումով, որ Կոնգրես-ԲՀԿ համագործակցությունը Կոնգրեսի ներսում ի վերջո կարող է հանգեցնել ընդդիմադիր տրամադրության եւ դժգոհության առավել մեծ ալիքի եւ վերջնական պառակտման: 
Լեւոն Զուրաբյանը բոլոր նրանց, ովքեր քննադատում էին Կոնգրեսի «քաղաքական« գիծը, համարում էր պատվեր կատարողներ, որոնց նպատակը ՀԱԿ-ը քանդելն է: Մի ժամանակ, պատվեր կատարողների հետեւում «Քոչարյանի ականջներն էին». դա այն ժամանակ էր, երբ Կոնգրեսը երկխոսություն էր վարում Սերժ Սարգսյանի հետ: Հիմա արդեն պատվեր կատարողների հետեւում «Բաղրամյան 26-ի» ականջներն են, քանի որ երկխոսությունը ԲՀԿ-ի հետ է: 
Կյանքը հետաքրքիր բան է, եւ վերջում կարող է հանկարծ պարզվել, որ Լեւոն Զուրաբյանը, կամա թե ակամա, կատարում էր Բաղրամյան 26-ի պատվերը, ՀԱԿ-ը քանդելու ուղղությամբ:

No comments:

Post a Comment