Thursday, August 9, 2012

Կարմիր խնձորի և այլ մուսուլմանա-բարբարոսական ադաթներ մասին

Բարև ընթերցող ջան, այս անգամ ուզում եմ ինձ համար մի քիչ անսովոր թեմայի անդրադառնալ ու ինձ համար բավականին անսովոր ոճով։ Խոսքը Կարմիր Խնձոր ասվածի մասին է ու ընդհանրապես տենց զզվելի ու արխայիկ այլ ադաթների մասին է, որ տեղով աղավաղվել էին դարերով մուսուլմանների տիրապետության տակ գտնվելուց, իսկ հիմա արդեն այն աստիճան ձևական ու անիմաստ են դարձել, որ հերիք չէ անտեղի տաբուներ է ստեղծում ու ավելորդ ձևականություններ խրախուսում, դեռ մի բան էլ ուղղակիորեն վտանգ է ներկայացնում մարդկանց առողջությանն ու կյանքին։ Ամեն դեպքում, չեմ ուզում ծավալվել շատ, ուղղակի կարդացել Լուսիկ Ագուլեցու հարցազրույցը այս վանդալիզմի վերաբերյալ ու ինքներդ հետևություններ արեք.

Հայկական ծիսակատարության ժամանակ խնձորի հետ կապված 16 ծես կա: Ավելին` զույգի միավորումը սկսվում է խնձորից եւ ավարտվում խնձորով: Սակայն այդ ծիսակատարություններից առավել հայտնի է կարմիր խնձորի հետ կապված ավանդույթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ, գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին:
Մինչ ավանդույթի հետ կապված ներկա մոտեցումներին ծանոթացնելը նա ներկայացնեց նախկին մոտեցումներն ու պահանջները: «Առաջ, որ կույս չլինեին, հարսներին թարս նստեցրել են էշի վրա եւ ճանապարհել հոր տուն, որ բոլորի աչքի առաջ խայտառակ լինի: Իսկ հիմա կարողանում են համաձայնության գալ, քանի որ մարդիկ ավելի լայնախոհ ու ազատամիտ են դարձել»,- նկատեց Լուսիկ Ագուլեցին:
Հարցին, թե մինչեւ, երբ են այդ բարքերը մեզ մոտ գործել ավելացրեց. «Դա ես էլ եմ իմ աչքով Նախիջեւանում տեսել, որ էշի վրա աղջկան թարս նստեցնում, ուղարկում էին հոր տուն: Այն ժամանակ նման դեպքերում տատիկիս մոտ էին գալիս: Աղջկա մայրը լացելով եկավ, տատիկիս հավատացրեց, որ աղջիկը կույս է: Բերեցին տատիկս նայեց եւ պարզվեց, որ նրա կուսաթաղանթը խորն է: Մի դեպքում էլ կուսաթաղանթը ճարպակալած էր: Հետո Բաքվում էլ էին հաստատում նոր, այդ աղջիկներին փեսայի հարազատները հետ էին ընդունում: Բայց պետք է տեսնեիք, թե ինչ սկանդալ էր լինում այդ օրը: Կանայք պատառոտում էին իրենց երեսները: Ծեծում էին այդ աղջիկներին, որ ասեր, թե ո՞ւմ հետ է քնել: Բայց այդ աղջիկը ոչ ոքի հետ չէր քնել, որ անուններ տար»:
Լուսիկ Ագուլեցին նաեւ նշեց, որ առաջին գիշերվա համար զույգերի սենյակը հատուկ կանայք են ընտրվել, որ սենյակը պատրաստեն`ծաղիկներով, սպիտակեղենով, ինչի դիմաց նաեւ վարձատրվել են:  Առաջին գիշերվանից հետո աղջկա կուսությունը ստուգելու համար եւս հատուկ կանայք են ընտրվել: Լուսիկ Ագուլեցու փոխանցմամբ, Ագուլիսում իր տատին էին ընտրում, որովհետեւ գիտեին, որ կարող է ուրիշ կանայք խաբեին: «Լինում էին դեպքեր, երբ հարսը աղջիկ չէր լինում, բայց կանայք դասավորում էին, աղավնու արյուն էին լցնում, որը շատ նման է կուսություն արյունին: Արյունը աղջիկը լցրել է տակը, էլ չեն կարողացել հաստատել, որ կույս չի: Դա հատուկ մասնագիտություն է անկողին պատրաստելը, զգալ աղջիկը կույս է, թե ոչ»,- մանրամասնեց տիկին Ագուլեցին եւ ավելացրեց, որ  եթե իսկապես առաջին գիշերվանից հետո աղջիկը կույս չի եղել եւ փեսայի ընտանիքը նրան հետ չի ուղարկել` դաժան կյանքի է արժանացել: Նրան որպես աղախին են պահել, անընդհատ երեսով են տվել: Անգամ, երբ նրանց իրենց հոր տուն են ուղարկել` այնտեղ էլ են հալածվել, եթե, իհարկե ծնողները նրանց ընդունել են: Ի դեպ, ազգագրագետից հետաքրքրվեցինք, նաեւ, թե ինչո՞ւ է այդ ծիսակատարությունը ասոցացվում կարմիր խնձորի եւ ոչ թե մեկ այլ մրգի հետ, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Խնձորը պտղաբերության, կյանքի սկզբի, Ադամի ու Եվային սիմվոլիկան է: Խնձորը համեղ է, եթերային, երկրագնդի նման կլոր: Իսկ աշխարհում համարվել է, որ զույգերի միավորումը տիեզերքն է կատարում: Հետո խնձորի հյութը սպիտակ գույն ունի, ինչը մաքրություն է խորհրդանշում: Օրինակ, նուռ էլ են տարել: Նուռն էլ իր հերթին տղայի խորհրդանիշն է, իսկ տղա երեխան հայ ընտանիքում արդեն առաջնակարգ է, որովհետեւ տղա երեխան է սերունդը շարունակում»:
Թեեւ այս խստաբարո ավանդույթը աստիճանաբար զիջում է  իր դիրքերը, սակայն այն դեռ շարունակում է հայ հասարակությունում մեծամասնության համար պարտադիր պայման հանդիսանալ: Ինչի համար հայ աղջիկները նույնիսկ վիրահատական միջամտության են դիմում այն վերականգնելու համար: Կուսաթաղանթի վերականգման վիրահատությունը, թեեւ արտոնված չէ, սակայն NEWS.am-ի գաղտնի հարցումները ՀՀ ծննդատներում ցույց տվեցին, որ ներքին կարգով կուսաթաղանթի վերականգման վիրահատություններ որոշ ծննդատններում իրականացվում է: Ավելին` նրանք հեռախոսային խոսակցության ընթացքում հաստատում էին, որ իրականացվում է, սակայն գնային եւ վիրահատության եղանակներին ծանոթացնելու համար հրավիրում էին իրենց մոտ` պատճառաբանելով, որ դա հեռախոսային խոսակցություն չէ: ՀՀ գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կուսաթաղանթի վերականգման վիրահատությունը Հայաստանում արտոնված չէ: « էպիզոտիկ դեպքեր են լինում, երբ  պատահական դիմում են մեր բուժհիմնարկ կամ գինեկոլոգին, անպայման, ուղարկում ենք դատաբժշկական փորձաքննության, որպեսզի այնտեղ ուսումնասիրվի, որովհետեւ բնական է, որ դա միշտ վեճերի հարց է լինում»,- նշեց Ռազմիկ Աբրահամյանը: Իսկ վիրահատական միջամտություններ, ըստ նրա  կատարվում են այն դեպքում, եթե պատռվածք է եղել եւ վիրահատության կարիք կա, զուտ կուսաթաղանթի վերականգնում որպես կրիմինալ  այդպիսի բան, ըստ նրա գոյություն չունի: «Դա համարվում է գաղտնի կուսաթաղանթի կրիմինալ եւ արտոնված չէ: Այլ բան է, որ նույն ամուսինները կամ հարաբերությունները չօրինականացարած զույգերը կենակցել են եւ արնահոսություն է առաջացել, ինչի արդյունքում, եթե կյանքին վտանգ է սպառնում բնական է, որ բժշկական օգնություն ցուցաբերվում է»,-ավելացրեց Ռազմիկ Աբրահամյանը:
Նյութի աղբյուրը՝ news.am

No comments:

Post a Comment