Friday, August 31, 2012

Ալիևը պետք է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհի Էդուարդ Նալբանդյանին

Բարև ընթերցող ջան, ես էսօր վերջնականապես հասկացա, թե ինչում է ադրբեջանցիների դիվանագիտական հաջողությունների գաղտնիքը։ Իրենք երկու հատ ԱԳՆ ունեն՝ մեկը Բաքվում, մյուսն էլ՝ Երևանում (Հանրապետության հրապարակի էն սպիտակ շենքն ա)։ Բնականաբար, ունեն նաև երկու արտգործնախարար՝ Էլմար Մամեդիարովը և Էդուարդ Նալբանդյանը...
Ես այլ կերպ չեմ կարող գնահատել մեր ԱԳՆ գործելաոճի տրամաբանությունը, որի հանցավոր անգործության պատճառով վերջին ամիսների ընթացքում մենք ոչ միայն բաց թողեցինք լուրջ հնարավորություններ Ադրբեջանի վրա քաղաքական լուրջ ճնշումներ գործադրելու, այլև կրեցինք խայտառակ դիվանագիտական պարտություններ։

Ժողովուրդը դեռ շոկի մեջ ա և շատերը գուցե չեն հասցրել վերլուծել, բայց վստահեցնում եմ, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու որոշման պես որոշումը մեկ օրվա մեջ չի իրականացվում ու անհնար է, որ մեր ԱԳՆ-ն տեղյակ չլիներ դրանից, եթե իհարկե ԱԳՆ խորապես թքած չունենար այդ հարցի վրա ու հետամուտ չլիներ, որպեսզի հանկարծ նման բան թույլ չտրվի, առավել ևս, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ակտիվորեն և անթաքույց զբաղվում էր Սաֆարովին վերադարձնելոււ հարցով։
Սակայն ի՞նչ սպասել մեր ԱԳՆ-ից, եթե այն անգամ լայաղ չարեց բողոքի ծպտոց հանել, երբ ադրբեջանցիները գնդակոծում էին սահմանամերձ հայկական գյուղերը կամ դիվերսիոն խմբեր էին ուղղարկում։ Լավ է այդ անգամ մեր Պաշտապանության նախարարությունը ապացուցեց, որ իրենք Արտգործնախարարության պես իմպոտենտների շտատ չեն պահում ու գիտեն իրենց պարտականություններն ու գործառույթները։
Արդյունքում, մենք ստացանք հերթական ապտակը, ընդ որում հրապարակային ապտակը ու ու՞մ պետք է մեղադրենք առաջին հերթին։ Ոչ Ադրբեջանին, որովհետև այ իրենց ԱԳՆ-ն հստակ գիտի իր անելիքը ու աշխատում է ի օգուտ իր երկրի։ Հունգարիայի՞ն, գուցե, բայց հունգարացին վերջին հաշվով թքած ունի հայի վրա էլ, թուրքի վրա էլ, ու եթե տեսնում ա, որ մեր ԱԳՆ-ն թքած ունի ու ոչ մի բան չի անում, իսկ թուրքը իրան դեռ մի բան էլ փող ա առաջարկում, ինչու՞ չազատի որ։ Տակը մնաց մեր իմպոտենտանոցը՝ ԱԳՆ-ն, ի դեմս իր թյուրիմացություն ղեկավարի։
Ընդհանրապես, ստեղծված իրավիճակում ունեմ կոնսրուկտիվ առաջարկություն։ Քանի որ մոտ օրերս սպասվում է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի ազգային հերոսի շնորհման պաշտոնական արարողությունը, ապա առաջարկում եմ Իլհամ Ալիևին չմոռանալ իր ժողովրրդի բոլոր արժանի հերոսներին, և մի մեդալ էլ շնորհել դրանցից ամենաարժանավորին՝ Էդուարդ Նալբանդյանին։

No comments:

Post a Comment