Tuesday, May 22, 2012

Նալբանդյանը սապոնվելու տեղը պետք է մատ թափ տար

Բարև ընթերցող ջան։ Էսօր առավոտ զարթնեցի վատ տրամադրությունով, որովհետև զզվում եմ սենց եղանակից, եկա գործի, մտա համացանց ու... այ մարդ, ի՞նչ երկարացնեմ, միանգամից անցնեմ ասելիքիս... ու հասկացա, որ մեր ԱԳՆ-ի վերջին շրջանի «փայլուն» գործողությունները պայմանավորված են այդ թվում նաև Նալբանդյանի «փառահեղ» ինտելեկտով։
Հիմա մեջբերեմ, թե մեր գլխավոր դիվանագետը ինչ մարգարիտներա արտաբերել Չիկագոյում՝ ՆԱՏՕ-ի գագթնաժողովում իր ունեցած ելույթի ժամանակ.

Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում դրական տեղաշարժերն ակնհայտ են։ Բայց անկասկած առավել շատ ջանքեր են անհրաժեշտ այս գործընթացն անդառնալի դարձնելու համար։

Դժբախտաբար, մենք ամեն օր ականատես ենք լինում, որ անցումային շրջանը սահուն իրականացնելն այդքան էլ հեշտ խնդիր չէ։ Կործանարար ուժերը խոչընդոտում են խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը Աֆղանստանում:

Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ նաև որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և գիտենք թե դա ինչ է նշանակում։

Կարևոր է ապահովել Աֆղանստանում դրական փոփոխությունների ընթացքը, որպեսզի այդ երկիրը չծառայի որպես անհանգստության աղբյուր իր հարևանների և այլ երկրների համար, այլ դառնա ամբողջ տարածաշրջանի դրական շարժիչ ուժը և օգտագործի իր բնական հարստություններն ի շահ Աֆղանստանի ժողովրդի, երկրի և տարածաշրջանի զարգացման։
Բա´, ընթերցող ջան, ոնց երևումա, մեր դիվանա-գետը տեղյակ էլ չի, որ միակ ակնհայտ տեղաշարժը Աֆղանստանում կայանում է նրանում, որ Թալիբան շարժումը այնքան է ակտիվացել, որ վերջերս անգամ Քաբուլի վրա էր գրոհ իրականացրել և ՆԱՏՕ-ականներով ու տեղական մարիոնետ կառավարման ուժերով մի ամբողջ օր չէին կարողանում հախներից գալ։ Ի դեպ, տարբեր տեղեկությունների համաձայն, թալիբենրի վերահսկողության տակ է գտնվում երկրի մինչև 60 տոկոսը՝ մասամբ ակնհայտորեն, մասամբ էլ վիճելի։
Նալբանդյանը տեղյակ չէ նաև, որ վերջին շրջանում Աֆղանստանի կառավարական զորքերի զինվորներն ու ոստիկանները պարբերաբար սպանում են ՆԱՏՕ-ական զինվորներին, իսկ այն փաստը, որ այս գագաթնաժողովում որոշվել է մինչև 2014 թվական դուրս բերել բոլոր զորքերը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ անդամ երկրներից շատերն այլևս չեն ցանկանում մաս կազմել այս անհույս գործողության, հատկապես մեծ դերակատարում ունի այս գործընթացում Ֆրանսիայի դիրքորոշումը։
Նալբանդյանն ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ նաև այն փաստի մասին, որ միակ բանը, որը զարգացել է տարածաշրջանում ու մասնավորապես Աֆղանստանում՝ հերոինի արդյունաբերական մասշտաբների հասնող արտադրությունն ու արտահանումն է և տարածաշրջանում գտնվող երկրներում հասունացող ռադիկալ իսլամականությունն ու ապակայունացումը։
Բայց դե, ընթերցող ջան, Նալբանդյաննա էլի, գնացել հասել էր Չիկագո, մի բան բա չասե՞ր։ Դե հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ինքն ու իրա զամերը շա՜տ են ՆԱՏՕ-ն սիրում, բնականաբար պետքա սապոնվեր էլ։ Ինչ խոսք, Աֆղանական կոմպանիային մասնակցելը մեզ առայժմ ձեռնտուա, որովհետև դրա դիմաց ստացած «օգնությունով» մի ամբողջ խաղաղապահ բրիգադ ենք պահում, որում ժամկետային զինծառայողներ չկան, բայց դե ամեն դեպքում, Նալբանդյանը լավ կաներ սապոնվելու տեղը մի քիչ մատ էլ թափ տար, թեկուզ հենց նույն գագաթնաժողովի հռչակագրի կապակցությամբ, թե չէ նենց մի վասսալի կեցվածքա ընդունել, որ մարդ ամաչումելա, երբ լսումա, որ մեր արտգործնախարարնա։

No comments:

Post a Comment