Tuesday, July 10, 2012

Ինչպես մարդ սպանել ու անպատիժ մնալ. Ծառուկյանական մեթոդը

Բարև ընթերցող ջան, էսօր քո հետ ուզում եմ խոսել սովորականից ավելի լուրջ ու կարևոր թեմայից։ Ուղղակի հասկանում ես, մոտս այնպիսի տպավորություն է, որ Նեմեցին, ով բնավ էլ աչքիս լույսը չէ, դարձրել են քավության նոխազ ու հիմա ով չի ալարում էս թեմայից օգտվումա։ Լրիվ դարձելա ընկած եզի վրա դանակ քաշողների մասին պատմությունը։ Մի անգամ ասել եմ արդեն, որ այս կոնտեքստում ինձ ամենաշատը նյարդայնացնում է ԲՀԿ-ի որդեգրած ցուցադրական ձևականությունը ու ակտիվությունը։

Որպեսզի ասելիքս փաստարկված ու հիմնավորված լինի, ընթերցող ջան, քեզ համար կմեջբերեմ Hetq.am-ի կողմից անցակացված հետաքննության մասին հոդվածը, հետո կքննարկենք.
Ռուս սպային սպանողներն անպատիժ մնացին

Անցյալ տարի Առինջ գյուղում սպանվեց սահմանապահ զորքի ռուս սպա Դիմիտրի Երմոլովը, իսկ դեպքի վայրում գտնվող նրա ընկերները ծեծվեցին: Որպես մեղադրյալ կալանավորվեցին Գոռ Բալյանը և Արտեմ Անդրեասյանը: Թերթերը գրեցին, որ վերջիններս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Ի պատասխան` Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, թե դա կպարզի հետաքննությունը: «Այս երկրում լիքը մարդիկ երազում են ներկայանալ որպես Գ. Ծառուկյանի թիկնապահ»,- Ծառուկյանի անվտանգության աշխատակիցների հետ կապված մեկ այլ միջադեպի առիթով ասել էր Սաֆարյանը: Թե ինչու՞ պետք է «լիքը մարդիկ երազեն Ծառուկյանի թիկնապահ ներկայանալ» հարցի պատասխանն անուղղակիորեն տվեց մեր արդարադատության համակարգը: Երմոլովի սպանության դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ:
Հստակեցնելով կատարվածի հանգամանքները` նախաքննությունը հիմնավորված համարեց, որ 2007 թ. օգոստոսի 6-ին, ժամը 00:30-ի սահմաններում Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անվտանգության աշխատակիցներ Բալյանը և Անդրեասյանը Առինջ գյուղում ծառայություն կատարելու ընթացքում տարածքում գտնվելու պատճառը պարզելու նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են ՌԴ քաղաքացիներ, զինծառայող սպաներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մակարովը, Մինգիյան Օլցոնովը, եղբայրներ Դիմիտրի և Դենիս Երմոլովները: Բռնության գործադրմամբ մեքենայից դուրս են բերվել Դենիսը և Անատոլին: Բալյանը բռունցքներով հարվածել է Դենիսին, իսկ Անդրեասյանը` ծեծել Անատոլիին: «Ավելի ուշ, երբ զինծառայողները նստել են ավտոմեքենան և փորձել հեռանալ, Ա. Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Գ. Բալյանը նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական հրազենից 5 անգամ կրակել է մեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է Դիմիտրի Երմոլովին, ով ստացած վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- արձանագրել էր նախաքննական մարմինը: Ապացուցվել էր նաև, որ իրենց մոտ գտնվող զենքը մեղադրյալներն ապօրինաբար ձեռք էին բերել պահակատանը գտնվող մետաղյա պահարանից, որի փականը կոտրել էին: Փամփուշտները մինչ այդ Անդրեասյանը թաքցրել էր տարածքում: Գ. Բալյանին մեղադրանք էր առաջադրվել «Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու» (Քր. օր. 104 հոդված), «Դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելու» (117 հոդված) և «Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և կրելու» (235 հոդած) համար:
Իսկ Ա. Անդրեասյանը մեղադրվեց Քրեական օրենսգրքի 118 («Ծեծը») և 235 («Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը և կրելը») հոդվածներով: Սակայն ամիսներ անց` 2007 թ. դեկտեմբերի 29-ին, Գ. Բալյանին առաջադրված մեղադրանքը վերանայվեց` 104 հոդվածը փոխարինվեց 109-ով: Այսինքն` «Սպանությունը» վերաորակվեց իբրև «Անզգուշությամբ մահ պատճառել»: Արդյունքում Բալյանին սպառնում էր ոչ թե 8-15 տարվա կամ ցմահ, այլ առավելագույնը 3 տարվա ազատազրկում: Նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինեց 500 հազար դրամ գրավով: Գ. Բալյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Անդրեասյանն ազատության մեջ էր դեռ սեպտեմբերի 26-ից: Գլխավոր դատախազության քննիչի որոշմամբ` նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել էր չհեռանալու վերաբերյալ ստորագրությամբ: Քրեական գործն ըստ էության քննելու համար ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 2008 թ. փետրվարի 15-ին` դատավարության նախապատրաստական փուլում, ամբաստանյալները, արդեն լիովին ընդունելով իրենց առաջադրված մեղադրանքը, միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:
Այս միջնորդության դեմ ոչ ոք չի առարկել, նույնիսկ տուժող և տուժողի իրավահաջորդ Դենիս Երմոլովը (սպանվածի եղբայրն է - Ա. Դ.): Վերջինս հայտնել է, թե «պատճառված վնասն ամբաստանյալների կողմից վերականգնվել է»: Արագացված քննությամբ դատարանը պարզել է, որ երբ դեպքի օրը ռուս սպաները նստել են ավտոմեքենան ու փորձել հեռանալ, «Արտեմ Անդրեասյանը վարորդի կողքին նստած ուղևորի ձեռքին տեսել է նռնակի նմանվող իր: Ենթադրելով, որ այն նետելու է իր ուղղությամբ, այդ գործողությունը կանխելու նպատակով նա մեկ անգամ կրակել է օդ»: Իսկ ահա Գոռ Բալյանը, լսելով ընկերոջ արձակած կրակոցի ձայնը, կարծել է, «թե ավտոմեքենայի ուղևորներն իրենց վրա են կրակում: Դիտավորություն չունենալով որևէ մեկին վնաս պատճառել` նրանց վախեցնելու, վտանգը հեռացնելու նպատակով Բալյանը վերից վար 5 անգամ անկանոն կրակել է ընթացող ավտոմեքենայի ետևից...»:
Ուշագրավ է նաև այն, որ մեղադրյալները, որոնք անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ են, դատարանին ներկայացրել են բժիշկ Ֆ. Առաքելյանի կողմից նույն օրը տրված տեղեկանքներ: Ըստ դրանց` վերջիններս ֆիզիկապես վատառողջ են, տառապում են լուրջ հիվանդություններով, ինչի պատճառով էլ Գ. Բալյանը «բուժվում է ամբուլատոր պայմաններում», իսկ Ա. Անդրեասյանը «գտնվում է դիսպանսեր հսկողության ներքո»: Վճիռ կայացնելիս դատարանը սա համարել էր պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ: 2008 թ. մարտի 18-ին դատավոր Նելլի Գալստյանը Գ. Բալյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան:
Պայմանականորեն չի կիրառվել նաև Ա. Անդրեասյանի նկատմամբ սահմանված 1 տարվա ազատազրկումը: Այս դեպքում էլ դատարանը նշանակել է մեկամյա փորձաշրջան: Դ. Երմոլովի սպանությունից օրեր անց Ռուսաստանի զինվորական դատախազության ներկայացուցիչը հանդիպել էր նախաքննության մարմնին: Դեպքի առնչությամբ զրուցել էին նաև ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները: Ելնելով գործի նկատմամբ Ռուսաստանի դրսևորած նման ուշադրությունից` որոշ լրագրողներ կարծիք հայտնեցին, թե մեղադրյալները կարժանանան առավելագույն պատժի: Սակայն վերջիններս հաշվի չէին առել հայկական արդարադատության ֆենոմենը:
Հետք 26 մայիսի, 2008թ.
 Հիմա նայիի ընթերցող ջան, մի քանի բան մեզ պետքա հուշի էս առանձին վերցված դեպքը, և դրա հետևանքները.
1. նախ և առաջ, պետքա հետամուտ լինել, որ երբ Նեմեցի մարդակերներին դատեն պրծնեն ու հասրակության ուշադրությանը աստիճանաբար մարի այս թեմայի նկատմամբ, հանկարծ նկարագրված մեխանիզմով նրանց հոդվածներն էլ չփոխեն ու մի 2 տարի հետո բաց թողնեն,
2. ամեն դեպքում է պետք է հնարավորինս արվի, որ արխիվներից հանվեն բոլոր նմանատիպ գործերը, որոնք ժամանակին կոծկվել են այս կամ նման ինչ որ այլ կերպով ու ևս մի անգամ հետաքննություն անցակցնել,
3. եթե այնուամենայնիվ իրական չէ, որպեսզի մեղավոր օլիգարխներին քրեական պատասխանատվության ենթարկվան, ապա ավելի քան իրական է օրենսդրորեն արգելել նրանց թիկնազոր ունենալ, համենայն դեպս ոչ պրոֆեսսիոնալ թիկնազոր։ Եթե այդքան վախենում են իրենց առոջության ու կյանքի համար (թե ասա մեր մոտ երբ ա գոներ մահափորձ եղել դրանցից ինչ որ մեկի համար), թող դիմեն ոստիկանություն,
4. Նման բանդիտական թիկնազորերը պետք է օրենքով հավասարեցվեն կազմակերպված զինված հանցախմբին ու նրանցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները
5. Ով-ով, բայց ԲՀԿ-ն լավ կանի ընդհանրապես համեստորեն լռի էս թեմաների շուրջ, որովհետև մեկը ես՝ ինքս, որպես քաղաքացի պահանջում եմ, որ Նեմեցի դեպքը լինի ոչ թե ցուցադրական ու եզակի, այլ ընդհանրապես արմատախիլ արվ ողջ այս «ավանդույթը» ու պատժվեն բոլոր նրանք, ով երբևէ գործել են նման զանցանք։ Այս առումով, վստահ եմ, որ Ծառուկյանի թիկնազորը հաստատ չի զիջում Նեմեցինին...

No comments:

Post a Comment